Կառավարության առաջարկած միջոցառումների շահառուներ կդառնան ավելի քան 100 հազար քաղաքացիներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա պարզաբանեց, որ կառավարությունը սոցիալական բնույթի 4 եւ բիզնեսի տնտեսական աջակցման 4 միջոցառում է հաստատել: «Վերջնաժամկետներն են ապրիլի 1-ը, 2-ը եւ 9-ը: Ներդրվում են աջակցման 3 գործիքներ՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում եւ տոկոսադրույքի սուբսիդավորում»,- նշեց պաշտոնյան:

Նա պարզաբանեց, որ միջոցառումներից մեկը կապված է հումքի, աշխատավարձերի եւ հարկերի ներմուծման ծախսերի նպատակային սուբսիդավորման ձեւով լրացուցիչ լիկվիդայնության ներդրման հետ: «Մեկ այլ միջոցառում նպատակ ունի աջակցել գյուղատնտեսությանը եւ խթանել կոոպերատիվների ստեղծումը: Երրորդ միջոցառումը վերաբերում է մինչեւ մինչեւ 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելուն: Չորրորդն աջակցում է այն գործատուներին, որոնք հունվարի 1-ից մարտի 20-ը չեն կրճատել աշխատակազմն ու աշխատավարձերը: Այսօր հաստտվել է քաղաքացիներին նվազագույն աշխատավարձի չափով՝ 68 հազար դրամով աջակցումը: Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մարտի 13-30-ը կորցրել են աշխատանքը: Բացի այդ, միայնակ հղիներին կամ նրանց, ում ամուսիններն այդ ժամանակահատվածում կորցրել են աշխատանքը, կտրամադրվի միանվագ 100 հազար դրամ:  Ամենից շատ շահառուներ կներառվեն 8-րդ միջոցառման խմբում, որը ենթադրում է աջակցություն հյուրանոցային բիզնեսին, հասարակական սննդի հաստատություններին, տուրիզմին, գեղեցկության սրահներին, ոչ պարենային ապրանքների մանրածախ, ոչ ալկոհոլային եւ ծխախոտային ապրանքների վաճառքին»,- եզրափակեց փոխվարչապետը: