«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում ամփոփ ներկայացրել է կառավարության ներկայացրած հակաճգնաժամային 3 նոր փաթեթները, որոնք ընդունվել են այսօր տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստում:

«Նա, մասնավորապես, նշել է.

«Հակաճգնաժամային նոր 3 փաթեթները հետեւյալն են՝

1-ին ծրագրի շահառու են հանդիսանում այն ֆիզիկական անձիք, ովքեր մասնավոր հատվածի գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել առնվազն ս. թ. հունվարի 1-ից մինչեւ մարտի 13-ը, կամ այդ ընթացքում աշխատանքից ազատվելու եւ կրկին աշխատանքի անցելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը, եւ որոնք աշխատանքից ազատվել են մարտի 13-ից մինչեւ մարտի 30-ը։ Այս անձանց կտրամադրվի դրամական միանվագ օգնություն նվազագույն աշխատավարձի չափով ՝ 68.000 դրամ։

2-րդ միջոցառման շահառու են հանդիսանում այն հղի կանայք, ովքեր չունեն աշխատանք եւ նրանց ամուսինները ազատվել են աշխատանքից ս. թ. մարտի 13-ից մինչեւ մարտի 30-ը եւ այդ ընթացքում չեն անցել այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում։

3-րդ ծրագրի շահառու են հանդիսանում կորոնավիրուսի հետեւանքով տուժած ոլորտների՝ տուրիզմի բնագավառը, հյուրանոցները/հյուրատները, հանրային սննդի, գեղեցկության սրահների եւ վարսավիրանոցների ծառայությունների ոլորտում ծառայություններ մատոիցողները, ինչպես նաեւ ոչ սննդի, դեղորայքի, ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի մանրածախ առեւտրի կետերը, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը։

Վերջիններիս կվճարվի նրանց հունվար-փետրվար ամիսների համար հաշվարկված միջին աշխատավարձի կեսի չափով նպաստ, սակայն ոչ պակաս, քան 68.000 դրամը եւ ոչ ավել, քան դրա կրկնապատիկը՝ 136.000 դրամ։ Նշված ոլորտներում գործող անհատ ձեռնարկատերերը կստանան իրենց նախորդ տարվա 4-րդ եռանսյակի իրացման շրջանառության 10%-ի չափով օժանդակության վճար, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը եւ ոչ ավել, քան 136.000 դրամը։ Այս վերջին միջոցառման շահառուների շրջանակը գերազանցում է 100.000-ը, իսկ ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 10 մլրդ դրամ։