Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կամ նրա հայրը՝ Իվանը, որը դեսպան է, կարող են հեռացվել նախարարությունից՝ կապված շահերի բախման հետ։ Այս մասին «Եվրոպական պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է երկրի ԱԳՆ նախարարը։

Դեկտեմբերին Իվան Կուլեբան՝ նախարարի հայրը, նշանակվել էր Հայաստանում Ուկրաինայի դեսպան։ Մինչ այդ նա Ղազախստանում Ուկրաինայի դեսպանն էր։

Դմիտրի Կուլեբան նշել է, որ Կոռուպցիայի կանխման ազգային գործակալությանը հայտնել է շահերի բախման մասին եւ այժմ սպասում է գերատեսչության եզրակացությանը։ Նա հավաստիացրել է, որ անկախ եզրակացությունից, հստակ կհետեւի ուկրաինական օրենսդրությանը։ «Կասեն, որ հաջորդ քայլը պետք է լինի պաշտոնից իմ հորը հեռացնելը կամ իմ հրաժարականի դիմումը։ Հորս հետ կխոսեմ։ Եթե նա պնդի, ես դիմում կգրեմ։ Եթե՝ ոչ, ես նրան հետ կկանչեմ»,- ասել է Դմիտրի Կուլեբան։