ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը, հավանաբար, գագաթնակետին կհասնի մինչեւ Զատիկը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox & Friends-ին տված հարցազրույցում:

«Մենք չենք ցանկանում չափազանց վաղ թուլացնել սահմանափակումները: Մենք կարծում ենք, որ գագաթնակետը կտեսնենք մինչեւ Զատիկը »,- ասել է նա:

Նրա խոսքով՝ որոշակի առաջընթաց հնարավոր կլինի գրանցել մինչեւ ապրիլի 30-ը: «Հուսով ենք՝ մինչեւ հունիսի 1-ը մահվան դեպքերի թիվը կկրճատվի»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը մինչեւ ապրիլի 30-ը երկարաձգել էր սոցիալական հեռավորության ռեժիմը:

Նա նշել է, որ սահմանափակումներից հրաժարվելու դեպքում կմահանար 1,6-2,2 մլն մարդ:

ԱՄՆ-ում երկուշաբթի օրվա դրությամբ մահացել է ավելի քան 2500 մարդ, վարակվածների թիվը գերազանցում է 143 000-ը:

Թրամփը ենթադրել է, որ դեպքերի թվի աճը կարող է կապված լինել թեստավորման քանակի մեծացման հետ: Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ում «մահացության շատ ցածր մակարդակ է»՝ ի տարբերություն այլ երկրների: Նոր թեստերը, որոնք արագ արդյունք են տալիս, Թրամփի խոսքով, կարող են պատրաստ լինել արդեն այս շաբաթ: