Վրաստանում պարետային ժամ են մտցնում: Ոտքով եւ տրանսպորտով տեղաշարժն արգելվում է 21:00-ից մինչեւ առավոտյան 06:00: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»: 

«Արտակարգ դրության գործողության ժամանակ հայտարարվում է փաստացի ամբողջական կարանտին: 21:00-ից մինչեւ առավոտյան 6-ը արգելվում է տեղաշարժը ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտով քաղաքներ եւ ամբողջ երկրում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Կարանտինային ռեժիմի շրջանակում նաեւ արգելվում է 70 տարեկան եւ ավելի մեծ տարիքի քաղաքացիներին տանից դուրս գալ՝ բացի այն դեպքերից, եթե ուղղվում են մոտակա մթերքի խանութ, դեղատուն կամ բժշկական հաստատություն: «Այն դեպքում, եթե 70 տարեկան եւ ավելի մեծ տարիքի մեր քաղաքացիները միայնակ են, էկոնոմիկայի, առողջապահության նախարարությունները եւ տեղական իշխանությունները պարտավոր են նրանց օգնել»,- հայտարարել է Գախարիան:

Ամբողջական կարանտինի ռեժիմը մտցվել է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում: «Մենք որոշում ենք ընդունել արտակարգ դրության պայմաններում միջոցառումների զգալի խստացման մասին: Մենք հայտարարում ենք փաստացի համընդհանուր կարանտինի մասին, որը կսկսվի վաղը առավոտյան 8:00-ին»,- հայատարարել է Գախարիան: