Բժիշկներին պետք է սոցիալական երաշխիքներ տրամադրել, հատկապես՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի արագացված ռեժիմով քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ այսօր բժիշկները գտնվում են առաջնագծում:

«Այո, դա պատերազմ է: Այո, առաջնագծում մեր զինվորներն այսօր բժիշկներն են: Նրանք պետք է սոցիալական պաշտպանվածության երաշխիքներ ունենան: Կարծում եմ՝ բոլորդ գիտեք, թե քանի բժիշկ է վարակվել կորոնավիրուսով»,- ասաց Զոհրաբյանը:

Այդ կապակցությամբ նա առաջարկեց լրացում կատարել առաջարկված օրենսդրական նախաձեռնությունում: Նա, մասնավորապես, նշեց, որ բժիշկներն ու բուժաշխատողները եւս պետք է իրենց առողջությանն ու կյանքին հասցված վնասի փոխհատուցման իրավունքն ունենան:

«Գործընկերներիս կոչ եմ անում աջակցել տվյալ նախաձեռնությանը: Նրանք ռիսկի տակ են դնում իրենց կյանքը՝ փրկելով հարյուր հազարավոր մարդկանց»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Նշենք, որ կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսից մահացածների դիահերձում չկատարել: Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ աջակցեց տվյալ նախաձեռնությանը. կողմ քվեարկեց 66, դեմ՝ 16 եւ ձեռնպահ՝ 2 պատգամավոր: