Ընտրատարածքներում արձանագրված խախտումների վերաբերյալ նախատեսված են վարչական և քրեական պատասախանատվություններ՝ կախված խախտման վտանգավորության աստիճանից: «Արցախպրես»-ի փոխանցմամբ այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, մայոր Արմեն Մովսիսյանը:

Հարցին, թե   ոստիկանությունում   կան արդյոք  արձանագրված  փաստեր  այն   մասին, որ   իբր   քաղաքացիներին   ընտրակաշառք  է բաժանվում,     Ա. Մովսեսյանը  պատասխանել  է.  «Ընտրակաշառքների մասին դեռևս մեկ հաղորդում ենք ստացել, որը հանցակազմի բաց հայտարարությամբ  մերժվել է: Ընտրախախտումների վերաբերյալ ԱՀ ոստիկանությունում 7 հաղորդում է ստացվել, որոնցից երկուսով հանցակազմի բացակայության կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է, երկուսը՝ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ մնացած 3-ով՝ իրականացվում են համապատասխան ստուգումներ: Քրեական գործեր հարուցված չկան, կան նյութեր որոնցում իրականացվում են համապատասխան ստուգումներ: Ոստիկանությունը պատրաստ է իր առջև դրված խնդիրներն իրականացնելու  ըստ օրենքի»:

Նա տեղեկացրել է, որ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի հերթական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի` այս տարվա հունվարի 27-ի հրամանով փետրվարի 3-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է օպերատիվ շտաբ: