Ընտրությունների նախօրյակին կազմավորվել են 282 ընտրատեղամասեր: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Ջիվան Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝ նախնական ցուցակները տպագրելուց հետո ճշտումներ են կատարվել թե՛ մահացած և թե՛ հաշվառումից դուրս մնացած անձանց մասով, և վերջնական տվյալները տրամադրվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

«Համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 103 հազար 663 քաղաքացիներ, որոնցից 776 անձ իր քաղաքացիական պարտքը կատարելու է ՀՀ-ում ձևավորված համապատասխան ընտրատեղամասում: Ի դեպ, մինչև մարտի 31-ը 18 տարին լրացած անձինք ընդգրկված են ընտրացուցակներում: Ընտրողների ծանուցագրերի մեծ մասը բաժանված է. ներկայումս չբաժանվածների մասով վերլուծություններ են իրականացվում, քանի որ որոշ անձինք փոխել են բնակության վայրերը: Մինչև մարտի 21-ը մենք նախապես ստացել ենք դիմումներ ավելի քան 1400 քաղաքացիներից, ովքեր բնակվում են մի վայրում, բայց հաշվառված են մեկ այլ վայրում, և նրանց, ըստ կարգի, թույլատրել ենք քվեարկել բնակության վայրում»,- ավելացրել է Ղահրամանյանը: