Microsoft-ը դադարեցնում է ցանկացած մինորիտար ներդրումներ այն ստարտափներում, որոնք աշխատում են դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի հետ։ Այս մասին, հղում կատարելով M12-ի (Microsoft-ի վենչուրային ստորաբաժանում) հայտարարությանը, հայտնել է TechCrunch-ը։

Այսպիսի որոշում ընկերությունն ընդունել է իսրայելական AnyVision-ից ներդրումները հանելու որոշումից հետո։

Microsoft-ի կողմից վարձված հետաքննիչների թիմը՝ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Էրիկա Հոլդերի գլխավորությամբ, պարզել է, որ AnyVision-ի տեխնոլոգիան Իսրայելի կառավարությունը օգտագործում է Հորդանան գետի Արեւմտյան ափի (Պաղեստինի մաս) բնակիչներին հետեւելու համար։

Microsoft-ում պարզաբանել են, որ, ընդհանուր առմամբ, մինորիտար ներդրումները թույլ չեն տալիս պատշաճ վերահսկողություն ապահովել անձնական տվյալների հետ աշխատանք ենթադրող տեխնոլոգիաները զարգացնող ընկերություններում։

M12-ի հիմնադրամը AnyVision-ում 74 մլն դոլար էր ներդրել 2019թ․ հունիսին, հստակեցնում է TechCrunch-ը։

Հրատարակչությունը նաեւ հիշեցնում է, որ դեմքերի ճանաչման տեխնոլոգիաների հանդեպ իր դիրքորոշման մասին Microsoft-ը բարձրաձայնել է 2018թ․։ Ընկերությունը հայտարարել է, որ այդ ոլորտում հետեւում է վեց սկզբունքների՝ արդարություն, թափանցիկություն, խտրականության բացակայություն, հաշվետվություն, ծանուցում եւ համաձայնություն, ինչպես նաեւ օրինական հետապնդում։