Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 30.03.2020թ. որոշմամբ փաստաբաններ Հայկ Ալումյանի (արտոնագիր թիվ 284), Հովհաննես Խուդոյանի (արտոնագիր թիվ 2040) եւ Միհրան Պողոսյանի (արտոնագիր թիվ 1112) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաեւ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 ենթակետի եւ 4.1 կետի խախտման հատկանիշներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքից։

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դիմումը, ինչպես նաեւ Aysor.am, www.azatutyun.am եւ www.a1plus.am լրատվական կայքերում կատարված հրապարակումները:

ԲԴԽ նախագահի դիմումի եւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ փաստաբաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Միհրան Պողոսյանը եւ Արամ Վարդեւանյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել են, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվող թիվ ԵԴ/0253/01/19  քրեական գործով 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով, սակայն, այնուամենայնիվ, փաստաբանները ներկայացել են դատարան եւ մուտք են գործել թիվ 1 դատական նիստերի դահլիճ, որտեղ գտնվելով ծաղրական վերաբերմունք են դրսեւորել դատական իշխանության  նկատմամբ, կազմակերպել են «դատավարություն» եւ կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ:

Արդյունքում, փաստաբաններ Հայկ Ալումյանին, Հովհաննես Խուդոյանին  եւ Միհրան Պողոսյանին ըստ էության վերագրվել է 2020 թվականի մարտի 17-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դրսեւորած հետեւյալ վարքագիծը՝ 

- Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց.

- Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում.

- Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել.

- Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը եւ Միհրան Պողոսյանը գտնվելով դատական նիստերի դահլիճում, ծաղրական վերաբերմունք են դրսեւորել դատական իշխանության  նկատմամբ, կազմակերպել են «դատավարություն» եւ կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ:

Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ արձանագրվել է, որ Միհրան Պողոսյանին եւ Հովհաննես Խուդոյանին վերագրվող սեղանների մոտ նստելու վարքագիծն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ փաստելու համար օրենքով կամ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերեւույթ առկայությունը: Այսինքն, նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց, կամ մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում փաստաբանի նստելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու համար, որ փաստաբանի կողմից դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք դատարանի կամ դատավարության մասնակցի նկատմամբ կամ խախտվել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի այլ դրույթ: Հետեւաբար, Միհրան Պողոսյանի եւ Հովհաննես Խուդոյանի վերոհիշյալ վարքագիծը պետք է գնահատման առարկա դարձվի դատական իշխանության նկատմամբ ծաղրական վերաբերմունքի կամ այլ անհարգալից գործողություններ կատարելու վարքագծի հետ համակցության մեջ:

Տեղեկացնում ենք նաեւ, որ  փաստաբան Հայկ Ալումյանը 20.03.2020թ. ՀՀ փաստաբանների պալատ է ներկայացրել միջնորդություն, որով հայտնել է իր դիրքորոշումը ԲԴԽ նախագահի լիազորությունների մասին, ինչպես նաեւ հաշվի առնելով տվյալ գործի շրջանակներում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի դիրքորոշման կարեւորությունը, միջնորդել է հարուցել կարգապահական վարույթ, որպես առիթ ընդունելով այդ իրադարձությունների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները: