«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը հայտարարել է քաղաքական մոտիվներով կալանավորված անձանց թարմացված ցանկը։ Դրանում կա 140 անուն։

Դրանք դասակարգվել են 8 խմբերում։ «Լրագրողներ եւ բլոգերներ» խմբում 5 մարդ է, այդ թվում՝ Արազ Գուլեւը, Էլչին Ասմաիլին, Զիա Ասադլին, Իքրամ Ռագիմովն ու Փոլադ Ասլանովը։ Այդ խմբից դուրս է եկել Աֆղան Մուխթարլին, որին իշխանություններն ազատել էին Նովրուզ գարնանային տոնի նախօրեին։

«Ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների» ցանկում 7 մարդ է։ Այդ խմբում նոր քաղբանտարկյալը «Մուսավաթ» կուսակցության եւ Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի անդամ Թոֆիգ Յագուբլուն է, որը ձերբակալվել է մարտի 22-ին խուլիգանության մեջ շինծու մեղադրանքով։

«ԱԱԾ-ում հանցագործությունների զոհեր» կատեգորիայում 3 մարդ է։ Անունների մեծամասնությունը «Հավատացյալներ» խմբում է՝ 54 անձ։ «Գյանջայի գործով» դատապարտվածների խմբում 48 մարդ է։

«Ցմահ բանտարկյալների» խմբում շարունակում է մնալ 14 մարդ։

Ցուցակում նոր խումբը «Տերտերի գործով» դատապարտվածների խումբն է, որում կա 8 մարդ։ Իրականում, այդ գործով դատապարտվածների թիվն ավելի մեծ է։ Սակայն ցանկի հեղինակներն ունեն միայն ութ անձի մասին ամբողջական տեղեկատվություն։ 2017 թվականի մայիսի 7-ին երկրի Գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, ՊՆ-ն եւ ՆԳՆ-ն համատեղ հայտարարություն էին արել Տերտերի շրջանում հայերի համար աշխատող զինվորականների եւ քաղաքացիական անձանց բացահայտելու մասին։ Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ պետական դավաճանության հատկանիշներով։ Իրավապահները համարում են, որ այդ գործերը քննվել են մեղադրյալների իրավունքների կոպիտ խախտումներով, նրանց խոշտանգելով, որոնց հետեւանքով յոթ մարդ ստացել էին մահացու վնասվածքներ։

Միության կողմից քաղբանտարկյալների մասին նախորդ ցուցակը հրապարակվել էր 2019 թվականի նոյեմբերին, որում ներառված էր 135 անուն։