Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կորոնավիրուսի թեսթի պատասխանը բացասական է եղել։ Նեթանյահուն թեսթը հանձնել էր այն բանից հետո, երբ հաստատվել էր, որ նրա օգնականներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Reuters-ը։

Վարչապետի մամուլի քարտուղար Օֆիր Գենդելմանը Twitter-ում գրել է, որ Նեթանյահուի, նրա ընտանիքի եւ աշխատակիցների մոտ կորոնավիրուսի առկայությունը չի հաստատվել, սակայն «նա կմնա կարանտինի մեջ, մինչեւ առողջապահության նախարարության հետագա ցուցումները»։

Իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ վարակված օգնականը անցյալ շաբաթ ներկա է եղել խորհրդարանի նիստին, որին մասնակցել է նաեւ Նեթանյահուն։

Իսրայելը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման 4695 դեպքի մասին, 16 մարդ մահացել է։

Իսրայելցի պաշտոնյան ասել է, որ Նեթանյահուն հետեւել է բժշկական խորհուրդներին եւ հանդիպումների մեծ մասը տեսակապի միջոցով է անցկացրել։