Եթե անգամ ընդունենք, որ իշխանությունների նպատակն անկեղծ է, ու նրանք ուզում են այս օրինագծով խոչընդոտել կորոնավիրուսի տարածմանը, ապա բացարձակապես համոզիչ չի թվում, որ այդ օրենքի ընդունմամբ պայքարն ավելի արդյունավետ է լինելու: Այս մասին 168.am-ի ն ասել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում են արտակարգ դրության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր: Դրանք կիրառելի են բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում, մասնավորապես` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների /Beeline, Vivacell, Ucom/ կողմից կառավարության նշած պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի տեղորոշման, հաճախորդի հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում:

«Ինձ բոլորովին չի համոզում, որ այդ տոտալ վերահսկողությունը նպաստելու է կորոնավիրուսի տարածման խոչընդոտմանը, որովհետև հիմա բազմաթիվ երկրների օրինակներ կբերեն, բայց դա համոզիչ չէ, քանի որ այն երկրները, որոնք ամենաարդյունավետն են գործում կորոնավիրուսի տարածման դեմ, այլ եղանակներով են պայքար մղում»,- ասել է Ավետիք Իշխանյանը` հավելելով, որ այդ երկրներից, օրինակ, Գերմանիան, Հարավային Կորեան ու Չինաստանը  գնացել են վարակի տարածման օջախների մեկուսացման, ուժեղ վերահսկողություն իրականացնելու և, ամենակարևորը, հսկայական թվով թեստավորումներ իրականացնելու ճանապարհով ու հաջողել են:

Իրավապաշտպանի խոսքով՝  այդ անհեթեթ օրինագիծն իրականում շրջանառության մեջ է դրվել այլ նպատակներով:

«Եթե սա անկեղծ է, ապա ընդամենն անարդյունավետ է, բայց չեմ կարծում, որ այդ աստիճանի պրիմիտիվ նախագիծ կներկայացնեին: Իշխանությունների ինտելեկտի մասին ես ավելի բարձր կարծիք ունեմ և կարծում եմ, որ այս առիթն օգտագործում են մարդկանց, և չի բացառվում՝ նաև քաղաքական ընդդմախոսների նկատմամբ տոտալ վերահսկողություն իրականացնելու համար: Սա ինձ հիշեցնում է Օրուելի «1984»-ը»,- ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ բավական չէր, որ  «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին» օրենքում փոփոխություններ կատարեցին և Ոստիկանությանը հնարավորություն տվեցին վերահսկելու, հիմա էլ, օգտվելով այս իրավիճակից, կարծես թե ուզում են ավելի ընդլայնել մարդկանց ներքին կյանքին խառնվելու, ինֆորմացիային տիրապետելու հնարավորությունները:

Դիտարկմանը, թե նախագծով նախատեսվում է, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրությունից հետո ըստ էության հավաքագրված ինֆորմացիան պետք է ոչնչացվի, և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ այսօր ասել է, որ այդ տվյալներն այլ նպատակով օգտագործողների համար քրեական պատասխանատվություն է սահմանված, Ավետիք Իշխանյանը պատասխանել է, որ նախ հայտնի չէ, թե դեռ որքան կտևի արտակարգ դրությունը:

«Բացի դրանից, ես ի՞նչ երաշխիք ունեմ ու ինչո՞ւ պետք է հավատամ, որ այդ ինֆորմացիան իսկապես ոչնչացվելու է, ու այն չի օգտագործվելու ընդդեմ տարբեր գործիչների: Նախ՝ հիշենք մի կարևոր բանի մասին, որ Հայաստանում, որպես այդպիսին, իշխանությունների տարանջատում գոյություն չունի, և դա՝ ոչ միայն այս իշխանությունների ժամանակ: Ուղղակի այս իշխանությունները ժառանգեցին այդ համակարգը ու բացարձակապես չեն ուզում այն բարեփոխել: Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և քննչական մարմինները նախկինի պես գտնվում են վարչապետի ենթակայության ներքո, ու նրա գվարդիաներն են հանդիսանում: Ուրեմն այս դեպքում, երբ նրանց վրա որևէ այլ վերահսկողություն չկա, ես ի՞նչ երաշխիք պիտի ունենամ…»,- ասել է իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանը հիշեցրել է նաև իր այն համոզմունքը, որ ժողովրդավարությունը հեղափոխականություն չէ:

«Ժողովրդավարական երկրում իշխող քաղաքական ուժը չի կարող ունենալ 50 տոկոսից ավելի ձայն: Այն առավելագույնը կարող է ունենալ 30-40 տոկոս ձայն: Եվ երբ հեղափոխության արդյունքում, որը դեռևս ժողովրդավարություն չէ, որևէ քաղաքական ուժ ստանում է 70 և ավելի տոկոս սահմանադրական մեծամասնություն, ապա այդ դեպքում, ինչպես հայտնի գործիչն է ժամանակին ասել, նրանց դեմ խաղ չկա»,- եզրափակել է Ավետիք Իշխանյանը: