Արցախի ընտրատեղամասերի դիմաց հերթեր են, մեծ ակտիվություն կա: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ֆեյսբուքյան լայվով հայտնեցին «Իմ քայլի» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը եւ Հրաչյա Հակոբյանը։

Փամբուխչյանը հայտնեց, որ իրենք ԱԺ-ի կողմից գործուղված ենք դիտորդական առաքելություն իրականացնելու. «Մենք գտնվում ենք Ստեփանակերտում եւ վաղ առավոտից իրականացնում ենք դիտորդական առաքելություն։ Արդեն այցելել ենք 5 ընտրատեղամաս»։

Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ բոլոր ընտրատեղամասերի մուտքի մոտ կան ձեռնոցներ, պաշտպանիչ դիմակներ, ախտահանիչ նյութեր եւ մեկանգամյա օգտագործման գրիչներ. «Ընտրողն ընտրություն կատարելուց հետո գրիչն իր հետ տանում է։ Ոստիկանները թույլ չեն տալիս 3 հոգուց ավելին մուտք գործի ընտրատեղամաս։ Ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացած, որովհետեւ մեծ ակտիվություն կա։ Կան ընտրատեղամասեր, որտեղ արդեն ընտրողների մոտ 15 տոկոսն իրականացրել են ընտրությունը։ Մենք խոսեցինք նաեւ քաղաքացիների հետ, նրանք նշեցին, որ հարմար է առավոտյան գալ ընտրության։ Այդ 5 տեղամասերում բավականին մնացել ենք, ոչ մի արտառոց խախտում կամ լարվածություն չենք նկատել»։

Հիշեցնենք, որ այսօր Արցախում, ժամը 08.00-ից մեկնարկել են երկրի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:

Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝  Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել է 281 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, եւս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է: