Վիտեբսկում մահացել է կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը: Նա 75-ամյա վաստակավոր արտիստ Վիկտոր Դաշկեւիչն է, գրում է «Վեչերնի Գրոդնո»-ն:

Նրա մահվան փաստը հաստատել է նրա դուստրը՝ Վիկտորիան:

Դերասանն ու նրա կինը թոքերի բորբոքում ունեին: Նրանց տեղափոխել էին տուբդիսպանսեր, սակայն այն լիքն էր եղել, եւ ամուսիններին հակաբիոտիկներ են նշանակել եւ տուն ուղարկել:

Տանը դերասանի ջերմությունը բարձրացել է: Հերթապահող բժիշկն ասել է, որ անմիջապես պետք է հիվանդանոց գնալ:

Ամուսինները կորոնավիրուսի թեստ են հանձնել, սակայն ասել են, որ արդյունքները բացասական են:

Մարտի 24-ին դերասանի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Վիտեբսկի կլինիկական կենտրոն: Այնտեղ նոր թեստ են անցկացրել, որը դրական է եղել:

Դերասանի կնոջը հիվանդանոցից դուրս են գրել մարտի 26-ին, նա 14-օրյա կարանտինի մեջ է:

Նշվում է, որ դերասանն արտասահման չի մեկնել:

Բելառուսի ԱՆ-ի տվյալներով՝ մարտի 30-ի դրությամբ երկրում գրանցվել է վարակման 152 դեպք, ապաքինվել է 47 մարդ: