ՀՀ իշխանությունները պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի բնակչությանը համոզեն եւ բացատրեն, թե ինչու պետք է արտակարգ դրության ռեժիմի շրջանում սահմանափակվեն իրենց իրավունքներն ու ազատությունները: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ արագացված ռեժիմով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Այդ կապակցությամբ նա նշեց, որ սահմանափակումները վերաբերում են միայն պանդեմիայի շրջանին, եւ դրանից հետո որեւէ սահմանափակում չի լինի:

«Պարզապես օպերատորների մոտ եղած տեղեկատվությունը պահպանվում է եւ մշակվում համաճարակի տարածման դեմ պայքարի համար միասնական բազայում: Դա չի ենթադրում հեռախոսազանգերի բովանդակության վերծանում, քանի որ սահմանում է միայն զանգի փաստն ու գտնվելու վայրը»,- ասաց նախարարը:

Պարզաբանելով դրա անհրաժեշտությունը, նա օրինակ բերեց. «Ենթադրենք՝ վարակվածն ակտիվ շփվել է 10 մարդու հետ, նրանցից 5-ը բնակվում է մեկ վայրում: Ստացվում է, որ եթե նրանք գտնվել են նույն շրջանում, ապա վարակման ռիսկը մեծ է, եւ կձեռնարկվեն համապատասխան գործողություններ: Իսկ մյուս 5-ը, որոնք գտնվել են այլ վայրերում, եւ նրանից զանգ են ստացել, արդեն հետաքրքրություն չեն ներկայացնում, եւ այդ դեպքում հավելյալ գործողությունների կարիք չկա»:

Նախարարը հավելեց, որ նրան հույսը դնում են գիտության եւ մասնագետների վրա, որոնք ուսումնասիրել են Իսրայելի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի փորձն ու համապատասխան որոշում ընդունել: «Տվյալ համակարգն ամենաարդյունավետն է»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ կշեռքի մի նժարին դրված են մարդու կյանքն ու առողջությունը, մյուսին՝ իրավունքների եւ ազատությունների սահմանափակումը: