ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նման իրավիճակներում արտասահմանյան գործընկերներին`ՀԱՊԿ-ին եւ ԵԱՀԿ-ին, տեղեկացնելու հստակ գործիքակազմ ունի: Այս մասին մարտի 31-ին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` պատասխանելով Ադրբեջանի կողմից երեկ իրականացված դիվերսիայի փորձի մասին հարցին:

Նա հիշեցրել է, որ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է այդպիսի չարդարացված գործողություններն այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը եւ տարածաշրջանն իրենց ջանքերն ուղղել են կորոնավիրուսի դեմ պայքարին:

Պատասխանելով հարցին` արդյոք ԵԱՀԿ-ն եւ ՀԱՊԿ-ը տեղեկացվել են կատարվածի մասին, ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակն ասաց, որ այսպիսի դեպքերում գործողությունների հստակ գործիքակազմ գոյություն ունի:

Հիշեցնենք, որ հրադադարի ռեժիմի խախտման եւ դիվերսիայի փորձի արդյունքում վիրավորվել են Ոսկեվան հայկական գյուղի դեռահաս մի բնակիչը եւ երկու զինծառայող: