Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ պարետատան, ԱԳՆ-ի և Հնդկաստանում Հայաստանի դեսպանության  համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ, որով Հայաստան վերադարձան  Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաներ և նրանց ուսուցիչները: Թռիչքն իրականացրեց հայկական «Atlantis European Airways» ավիաընկերությունը:

Ինչպես նշեց «Atlantis European Airways» ավիաընկերության տնօրեն Կարեն Բդոյանը, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել էր ավիաընկերությանը՝ մեր հայրենակիցների վերադարձը կազմակերպելու համար: «Բնականաբար, մենք անմիջապես հայտնեցինք մեր  պատրաստակամությունը մեր հայրենակիցներին տեղափոխելու համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թռիչքը իրականացնող անձնակազմին՝ դրսևորած պրոֆեսիոնալիզմի համար: Թռիչքի ընթացքում իրականացվել են առողջապահական անվտանգության բոլոր միջոցառումները», - ասաց Կարեն Բդոյանը:

«Atlantis European Airways» ավիաընկերությունը մարտի 15-ին իրականացրել էր նաև Հռոմից Երևան հատուկ չվերթը՝ տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։