«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթի էությունը չի տեղավորվում ժողովրդավարության տրամաբանության մեջ: Այս մասին մարտի 31-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ նման նորմեր չեն ընդունվել ո՛չ Եվրոպայի խորհրդի, ո՛չ Եվրամիության երկրներում, իսկ Հարավային Կորեայի օրինակը բացարձակապես համեմատելի չէ, քանի որ Հայաստանում վարակվածների թիվն արդեն անցնում է 400-ից:

Էդմոն Մարուքյանը նաեւ տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, որ իշխանություններն առաջարկում են տեղեկությունները պահպանել 2 ամսից ավելի: «Ավելին՝ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության առաջարկը ժամկետը կրճատելու մասին, ինչպես եւ այլ առաջարկները Կառավարության հավանությունը չստացան: Կարելի էր փորձել մեխանիզմներ գտնել, որոնք մարդու իրավունքները չէին խախտի»,- նշեց պատգամավորը:

Նշենք, որ մարտի 31-ին «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին՝ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու ճանապարհով հաջողվեց տապալել երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ սկանդալային օրենքի ընդունումը: ԱԺ նիստում իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամներից ներկա էր միայն 65 պատգամավոր, ինչն անբավարար էր քվեարկության ժամանակ քվորում ապահովելու համար: