Արցախն ունի յուրահատուկ պատկանելիություն հայ ժողովրդի համար. ես այս համապետական ընտրություններն ընկալում եմ որպես իրադարձություն եւ այս երկար տարիների ընթացքում բոլոր ընտրությունները նպաստել են մեր երկրի անվտանգության աստիճանը ավելի բարձր դարձնելուն: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Դրանք նպաստել են մեր տնտեսությունը զարգացնելուն, մեր կյանքի շարունակությունն էլ ավելի հաստատակամություն հաղորդելուն: Արցախի պատկանելիության յուրահատկությունն այն է, որ Արցախը չի պատկանում միայն արցախցիներին, այն հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին: Մենք այսքան երկար տարիներ զբաղված չենք եղել միայն արցախցիների ֆիզիկական անվտանգության ապահովմամբ, մենք զբաղված չենք եղել միայն Արցախի քաղաքացիների բարեկեցության աստիճանը բարձրացնելով: Մենք գիտակցել ենք, որ իրականացնում ենք հատուկ առաքելություն, այն է՝ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելու:

Ես շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ մեր ժողովուրդը գիտակցում է այդ առաքելության կարեւորությունը»,-ասաց Բակո Սահակյանը:

Նա հավելեց, որ այս ընտրությունները յուրահատուկ հնարավորություն են ապագայում այդ առաքելությունն առավել արդյունավետ կատարելու համար: Նա համոզմունք հայտնեց, որ հենց այդպես էլ լինելու է հետագայում: