Բուլղարիայի հանգստավայրերը սկսել են չեղարկել հայտարարված կարանտինային ռեժիմը, գրում է ԱՏՈՐ տուրիստական պորտալը:

Բուլղարիայում կարանտինային միջոցառումներն առաջինը չեղարկել է Բանսկո լեռնադահուկային հանգստավայրը, որտեղ առաջինն էր կարանտին հայտարարվել: Մարտի 31-ին երեկոյան ժամը 19-ից Բանսկոյում կարանտինը կդադարեցվի, ինչպես նաեւ կվերացվի քաղաք մուտքի եւ ելքի արգելքը, հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Բուլղարիայի Հանրապետության Զբոսաշրջության ազգային ներկայացուցչությունը:

Կայքը նշում է, որ Բանսկո ձմեռային հանգստավայրում կարանտինը սկսվել էր մարտի 18-ին, այն Բուլղարիայի առաջին քաղաքն էր, որը փակվել է COVID-19-ի պատճառով: Մարդիկ կարող էին միայն խանութներ գնալ: Արտասահմանցի զբոսաշրջիկները տարհանվել են:

Քաղաքի ելքերի մոտ ոստիկանական կետերը ստուգում էին մարդկանց ջերմաստիճանը, եւ ախտահանումից հետո թույլատրվում էին միայն արտակարգ ուղեւորությունները: Քաղաք մուտք էին գործում հիմնականում սնունդ ու դեղ էին մատակարարող ավտոմեքենաները:

Չնայած նրան, որ Բանսկոյում կարանտինը վերացվել է, ամբողջ երկրում հակահամաճարակային միջոցառումները մնում են ուժի մեջ: