Իմ  խնդրանքն է ուղղակի, ես չեմ կարողանում հասկանալ մեր ղեկավարներին, այդ օրենքը հանելուց մտածեցի՞ն, այդ վիրուսը տարբերություն դնո՞ւմ է դու գրանցված աշխատող ես, թե՞ ոչ, բոլորն էլ ուտել ուզում են իմ կարծիքով։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի բնակիչ Սվետա Աբրահամյանը։

«Ամեն օր հետեւելով լրահոսին, հասկացա, որ այն օրենքները որ հանել են մարդկանց աջակցություն տրամադրելու համար, մեզ համար չի գործելու։ Ընտանիքս բաղկացած է 5 հոգուց՝ ես, տղաս, հարսս եւ 2 մանկահասակ երեխաները։ Միայն տղաս է աշխատում, հարսս ներկա պահին չի աշխատում քանի որ, փոքրը 2 տարեկան է, ես էլ 60 տարեկան եմ։ Տղաս մասնավոր գործեր է արել՝ բնակարանների վերանորոգում եւ զուգահեռ դիմել է տարբեր կազմակերպություններ, որպեսզի գրանցած աշխատող լինի, բայց չի ստացվել։ Մենք, երբեք ոչ մի օգնություն, նպաստ չենք ստացել, փառք Աստծո, աշխատել ,ապրել ենք, բայց հիմա այնպիսի վիճակ է, որ հնարավոր չէ։ Իմ կարծիքով բոլորն էլ հավասար են, այսօր այնպիսի փաստի առաջ են բերել կանգնեցրել, որ մեկը պետք է ուտի, մյուսը նայի, ես այդպես եմ հասկանում։ Ստացվում է, որ թուլին պետք է ձեռք մեկնեն, բայց չեն մեկնում, թույլին գցում են, այստեղ են ասել՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»,- ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ առայժմ կարողանում են իրենց մոտ եղած գումարով սնունդ  գնել, բայց մի քանի օրից դա էլ չի լինի․ «Ես մտածում եմ, եթե մի 10 օր էլ այսպես փակված մնանք, ի՞նչ է լինելու մեր վիճակը, եթե ոչ մի տեղից օգնություն չունենք։ Կոմունալներն էլ ենք վճարել նախորդ ամսվա։ Ստեղծված իրավիճակում մենք մնացինք լուսանցքից դուրս եւ համոզված եմ, որ մեզ նման էլի շատ մարդիկ կան։ Պետք է բոլորին օգնեն, այս վարակը բոլորի համար հավասար է։ Խնդրանքս է, որ մեր նման ընտանիքներին հաշվի առնեն, մինչեւ այս իրավիճակից դուրս կգանք, մինչեւ տղաս գնա մի աշխատանք գտնի, մենք մտածում ենք, չենք նստել պետության հույսին, երբ այս կարանտինը վերջանա, բոլորն էլ պետք է աշխատեն»։