Մենք ստիպված ենք ՀՀ քաղաքացիների մի շարք կենսական իրավունքներ սահմանափակել, բայց մենք այդ ամենը հո չե՞նք անում քաղաքական նպատակներով. Սա մենք անում ենք իրավիճակը կառավարելի պահելու և ի վերջո, կորոնավիրուսը հաղթահարելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև սրա հետ է կապված այն օրենսդրական փոփոխությունը, որ կառավարությունն առաջարկել է, ԱԺ-ն ցավոք չընդունեց, բավարար չեղան կողմ ձայները, բայց հիմա փնտրվում է եղանակ նորից ԱԺ ներկայացնելու այդ նախագիծը: Այդ նախագծի իմաստը հետևյալն է. երբ քաղաքացու մոտ արձանագրվում է հաստատված դեպք, մենք փորձում ենք հասկանալ, թե ինքը որտեղից է վարակվել, կամ ում հետ է շփվել: Այս երկու կատեգորիայի մարդկանց մեկուսացնում ենք հիվանդության հետագա տարածումը կանխելու համար: Բայց հիմա արդեն ունենք իրավիճակներ, երբ այնքան էլ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել, և ում հետ է շփվել: Հիմա նաև համաշխարհային փորձը հաշվի առնելով եկել ենք այնպիսի մեխանիզմի, որ քանի որ բոլորն ունեն բջջային հեռախոսներ եւ համակարգիչն ինքը շատ արագ ցույց կտա, թե մարդը վերջին շրջանում ում հետ է շփվել, ովքեր են պոտենցիալ շրջանակը, որ կարող է վարակված լինեն եւ դրա միասին տեղյակ չլինեն: Սա հնարավորություն կտա, որ մենք բջջային հեռախոսների տվյալներն օգտագործելով նախ մարդկանց իրազեկել, հետո հասկանալ այն շրջանակը, թե ովքեր են պոտենցիալ վարակակիրները»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ որեւէ այլ նպատակով այդ տվյալները չեն օգտագործվելու:

Նա նկատեց, որ իրենք մեծագույն տհաճությամբ են գնում այս քայլին, բայց հասկանում են, որ առանց այդ միջոցների կիրառման իրավիճակի հետագա զարգացումը կարող է դառնալ շատ ավելի անկանխատեսելի. «Այս իրավիճակը հավասարապես տհաժ է անձամբ ինձ համար եւ կառավարության համար, որովհետեւ դրա հետեւանքով առաջանում են բազմաթիվ չնախատեսված պրոբլեմներ եւ դրանց պատասխանատուն կառավարությունն է, ես եմ: Ինչքան սահմանափակումները երկարում են, այնքան պրոբլեմները խորանում են, այդ թվում տնտեսական ու սոցիալական: Խնդրում եմ՝ բոլորս ըմբռնումով մոտենանք այս իրավիճակին»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, բոլորը տեսել են, որ մինչեւ դանակը ոսկորին չի հասել, որեւէ սահմանափակում չեն մտցրել:

«Իսկ ինչու են շատանում դեպքերը, շատանում են նաեւ այն պատճառով, որ մենք սահմանափակումները ճշգրիտ չեն պահում: Նաեւ ունենք բերովի դեպքեր, որովհետեւ հաղորդակցությունը 100 տոկոսով փակված չի, բեռնափոխադրումներ են տեղի ունենում, որի հետ վարկվածության որոշակի դեպքեր են ի հայտ գալիս, եւ այդ դեպքերը հաշվառվում են»,-ասաց նա: