Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Երզնկա գյուղի տներից մեկից ոստիկանություն են բերման ենթարկել մայրաքաղաքի երկու բնակչի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ոստիկանությունում նրանք խոստովանել են, որ Նոր Երզնկա գյուղի մի տնից բջջային հեռախոս են հափշտակել։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նաև, որ բերման ենթարկված տղամարդիկ մի քանի ամսվա ընթացքում Կոտայքի մարզի տարբեր գյուղերից գողություններ են արել։ Տղամարդկանց բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է գողոնի որոշ մասը։ Տուժողներից ընդունվել են հաղորդումներ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։