Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախազգուշացրել է Հունգարիային, որ կառավարությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված շտապ միջոցառումները չպետք է խաթարեն ժողովրդավարությունը, հայտնում է Reuters-ը:

Հունգարիայի խորհրդարանը նախօրեին վարչապետ Վիկտոր Օրբանին անսահմանափակ լիազորություններ էր տրամադրել:

«Չափազանց կարեւոր է, որպեսզի արտակարգ միջոցառումները չվնասեն մեր հիմնարար սկզբունքներին եւ արժեքներին ... Ժողովրդավարությունը չի կարող աշխատել առանց ազատ եւ անկախ լրատվամիջոցների,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:- Ցանկացած արտակարգ միջոցառում պետք է սահմանափակվի անհրաժեշտությամբ եւ համաչափությամբ: Դրանք չպետք է հավերժ տեւեն... կառավարությունները պետք է հետեւեն, որպեսզի նման միջոցառումները պարբերաբար վերահսկողության ենթարկվեն»:

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը վերլուծելու է եւ ուշադիր հետեւելու է նոր օրենքների կատարմանը Հունգարիայում:

ԱՄՆ հետախուզական համայնքը, փորձելով ճշգրիտ պատկեր ստանալ կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ, լուրջ բացեր է հայտնաբերել Չինաստանում, Ռուսաստանում եւ Հյուսիսային Կորեայում իրավիճակը գնահատելու իր ունակության մեջ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի հինգ աղբյուրները: Հետախուզական ծառայությունները սահմանափակ պատկերացումներ ունեն նաեւ Իրանում համաճարակի հետեւանքների մասին, չնայած իշխող դասի եւ հասարակ քաղաքացիների շրջանում վարակման եւ մահվան դեպքերի մասին տեղեկատվությունը գնալով ավելի հասանելի է դառնում պաշտոնական եւ սոցիալական լրատվամիջոցներում, հայտնել են երկու աղբյուրները: Այս չորս երկրներն ամերիկյան լրտեսական գործակալություններին հայտնի են որպես «դժվար թիրախներ»` տեղեկատվության նկատմամբ խիստ վերահսկողության պատճառով եւ նույնիսկ սովորական ժամանակներում դրանց փակ ղեկավարության շրջանակներում հետախուզական տվյալներ հավաքելու դժվարության պատճառով: Այս երկրներում բռնկումների ճշգրիտ գնահատումը կօգներ Միացյալ Նահանգներին եւ միջազգային հանրությանը սահմանափակել մարդկային եւ տնտեսական կորուստները COVID-19-ից, նշել են փորձագետները:

«Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է ճշգրիտ պատկերացում ունենալ իրական ժամանակում այն մասին, թե որտեղ են գտնվում գլոբալ թեժ կետերը եւ որտեղ են դրանք հայտնվում»,- ասել է Գլոբալ զարգացման վերլուծական կենտրոնի փորձագետ Ջերեմի Կոնանդայկը, ով 2013-ից 2017 թվականներին ղեկավարել է Միացյալ Նահանգների` արտերկրում բնական աղետների դեպքում աջակցության ցուցաբերման վարչությունը, մասնավորապես` Էբոլա համաճարակի դեմ պայքարի ընթացքում:    

«Աշխարհը դրանից չի ազատվի, քանի դեռ մենք չենք ազատվել դրանից ամենուր»,- ասել է նա:

ԱՄՆ հետախուզական ծառայություններն առաջին անգամ հայտնել են կորոնավիրուսի մասին հունվարին եւ զգուշացրել Չինաստանի ՈՒհան քաղաքում համաճարակի մասին:

Reuters-ի տվյալներով՝ վարակվածների թիվն ԱՄՆ-ում հասնում է 152 հազար:

«ԱՄՆ-ը ոչինչ չգիտի խնդրի մասշտաբների մասին»,- ասել է աղբյուրներից մեկը:

Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է Ռուսաստանի եւ Իրանի մասին հստակ ինֆորմացիայի պակասի մասին եւ Չինաստանին մեղադրել ապատեղեկատվության տարածման մեջ, ինչը Պեկինում հերքում են:

Չինաստանը, որը հայտնել է ավելի քան 81 000 վարակման եւ 3300 մահվան դեպքերի մասին, խոսում է երկրի ներսում նոր դեպքերի բացակայության մասին: Սակայն ամեն դեպքում այնտեղ պահպանվում է մտավախությունը՝ կապված արտասահմանից քաղաքացիների վերադարձի ու հնարավոր վարակման հետ:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանի իշխանությունների այդ հայտարարությունը կարող է մասնակիորեն ճիշտ լինել: Միեւնույն ժամանակ, ամերիկացի հետախույզները նախկինի պես չեն հավատում, որ Չինաստանը վերահսկողություն է սահմանել վիրուսի նկատմամբ: