Իրանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է հանդես գալիս տարածաշրջանում լարվածության եւ հակամարտության սրացմանն ուղղված ցանկացած միջոցների»,- ասել է Մուսավին մարտի 31-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Tasnim-ը:

Նա հավելել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլերից, «որոնք էլ ավելի են բարդացնում մեր երկու հարեւան պետությունների, մասնավորապես` Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ վեճերի կարգավորման ճանապարհը»:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նաեւ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային սկզբունքների եւ իրավունքի շրջանակներում: