Չինական տեխնոլոգիական Huawei ընկերության նախագահը նախազգուշացրել է, որ ընկերության վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի հետագա քայլերը կարող են հանգեցնել Պեկինի կողմից պատասխան քայլերի, ինչը կվնասի համաշխարհային ինդուստրիային, հայտնում է AP-ը։

Huawei Technologies Ltd-ը, որը սմարթֆոններ եւ ցանցային սարքավորումներ է արտադրում, հայտնել է, որ իր վաճառքները 2019թ․ կրկնապատկվել են՝ չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանափակումներին։ Սակայն ընկերության տնօրեն Էրիկ Սյույը ասել է, թե 2020թ․ ամենադժվարը կլինի, քանի որ Huawei-ը պայքարում է պատժամիջոցների եւ կորոնավիրուսի համավարակի դեմ։

Նա նշել է, որ չի կարող հաստատել այն տեղեկատվությունը, թե Դոնալդ Թրամփը կարող է փորձել ընդլայնել հսկողությունը, որպեսզի արգելափակի արտասահմանյան արտադրանքի հասանելիությունը։ Սյույն ասել է, թե Huawei-ը կարող է այլ աղբյուրներ գտնել, սակայն նախազգուշացրել է, որ ճնշման ուժեղացումը կարող է Չինաստանի պատասխան հարվածն առաջացնել ամերիկյան ընկերությունների դեմ։

«Եթե չինական կառավարությունը հակամիջոցներ ձեռնարկի, համաշխարհային արդյունաբերության վրա ազդեցությունը ցնցող կլինի»,- ասել է Սյույը՝ հավելելով, որ հարվածի տակ կընկնեն այլ ընկերություններ։