Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միասին աշխատեն, որպեսզի հաղթեն կորոնավիրուսի համաճարակին։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Խուա Չունինը, հայտնում է AP-ը։

Վաշինգտոնը քննադատում է Պեկինին նրա համար, որ նա իբր ժամանակին ճիշտ տեղեկատվություն չի տվել համաճարակի չափերի մասին, ինչպես նաեւ շարունակում է թաքցնել ճշմարտությունը եւ ապատեղեկատվություն է տարածում։

«Մենք նաեւ հուսով ենք, որ ԱՄՆ որոշ պաշտոնատար անձինք կարող են գործել երկու պետություններին այս հիվանդության դեմ պայքարում համագործակցելու ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու կոչի ոգով»,- ասել է նա՝ հայտնելով, որ իրենք ԱՄՆ վիրուսի հետ կապված բժշկական ապրանքներ են ուղարկել՝ չնայած նրան, որ Չինաստանում եւս դրանց պահանջարկը մեծ է։

Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի համաճարակը Չինաստանում չի վերջացել, եւ դեռեւս լուրջ խնդիրներ կան։

Մասնավորապես, անհրաժեշտ է հետեւել, որ արտասահմանից ժամանող վարակված մարդիկ չտարածեն հիվանդությունը եւ նոր բռնկում չառաջանա։