Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն երկրում կորոնավիրուսի դեմ արդեն գործող կարանտինային միջոցների խստացման դեմ է հանդես եկել, քանի որ դա կհանգեցնի աշխատատեղերի կորստի։

Rede TV-ին տված հարցազրույցում Բոլսոնարոն քննադատել է ինքնամեկուսացումը եւ այլ միջոցառումներ, որոնք սահմանվել են տեղական իշխանությունների կողմից, ինչը կրկին հանգեցրել է առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետայի հետ հակասությունների, հայտնում է Reuters-ը։

Նախօրեին Մանդետան կոչ էր արել բրազիլացիներին առավելագույն սոցիալական դիստանցիա պահպանել, որպեսզի թեթեւանա առողջապահության փխրուն համակարգի ծանրաբեռնվածությունը։

Բրազիլիայի սենատը երկուշաբթի երեկոյան ընդունել էր օրենք, որով երաշխավորվում է երկրի ամենաաղքատ քաղաքացիների ամսական 600 ռեալ (117 դոլար) եկամուտը երեք ամսվա ընթացքում։ Փաթեթը կարող է 50 մլրդ ռեալ արժենալ։

Բոլսոնարոյի խոսքերով՝ ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումները կարող են 800 մլրդ ռեալ արժենալ, իսկ տնտեսությունը, որը հավանաբար կկրճատվի այս տարի, կարող է մեկ տարի վերականգնվել։

Նա նահանգներիկառավարություններին անվանել է «աշխատատեղերի սպանողներ» եւ ասել է, որ «երբ իրավիճակը մոտենում է քաոսի, բարերար հող է ստեղծվում, որպեսզի դա իշխանության հասնելու համար օգտագործեն»։