Եթե նկատեցիք ԱԺ այս արտահերթ նիստում ընդդիմությունը չկա, եւ չկա մի շատ ծիծաղելի պատճառաբանությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, կառավարության նախաձեռնությամբ մեկնարկած ԱԺ արդեն երկրորդ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Նոր նայում էի Էդմոն Մարուքյանի լայվը, ասում էր՝ մեզ ուշ են տեղեկացրել, դրա համար չենք գալու: Կարծում եմ՝ միայն Հայաստանում է, որ քաղաքական ուժերը փորձում են ինչքան պոպուլիստական միտք չէին արտահայտել, հիմա արտահայտում են: Սա ուղղակի անընդունելի է եւ ամոթալի»,-ասաց նա:

Նշենք, որ Կառավարությունը նորից է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթն է, որն այսօր մեկ անգամ արդեն տախպալվել է:

Նախագիծը սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ  այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» այդ պահին ներկա պատգամավորները 65-ից ավելի չէին: