Իսրայելը կենսաքիմիական պաշտպանության իր լաբորատորիայում սկսել է COVID-19-ի պատվաստանյութի նախատիպի փորձարկումը կրծողների վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրին։

Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կենսաբանական հետազոտությունների իսրայելական ինստիտուտին (IIBR) հրամայել է միանալ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին։

Իր հաղորդագրության մեջ Նեթանյահուի գրասենյակը տեղեկացրել է, որ ինստիտուտի տնօրեն Շմուել Շապիրան հայտնել է նրան պատվաստանյութի նախատիպի մշակման հարցում «զգալի առաջընթացի» մասին, եւ որ ինստիտուտը «այժմ պատրաստում է կենդանիների վրա փորձարկում սկսելու մոդելը»։

IIBR-ի գործունեության հետ ծանոթ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ կրծողների վրա փորձարկումներն արդեն սկսվել են։

Կարծիք կա, որ IIBR-ը աշխատել է կենսաբանական եւ քիմիական զենքի ոլորտում նախագծերի մշակման վրա։ Իսրայելը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է դա։