Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը մարտի 31-ին արտահերթ նիստ է անցկացրել առանց «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորների մասնակցության։ Օրակարգում եղել է ընդամենը մեկ հարց՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն առաջարկվել է կառավարության կողմից։ Երկրորդ ընթերցմամբ քննարկելով վերոնշյալ փաթեթը՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել դրան։

Նշենք, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսում են, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները հասանելիություն կստանան հասարակական էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքմանը։ Այսպես, կառավարությունը հնարավորություն կունենա հետեւել այն քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժին, ինտերնետ-միացումներին, կոնտակտներին, նրանց հետ կապված հեռախոսահամարներին, համարի վերահասցեավորմանը, ինչպես նաեւ զանգերին, դրանց տեւողությանը, սակայն արդարադատության նախարարության հավաստիացումներով՝ ոչ խոսակցության բովանդակությանը։ Քաղաքացիների անձնական տվյալների փոփոխությունները եւ հավաքելու հնարավորությունը կտարածվեն միայն համավարակի հետ կապված արտակարգ ռեժիմի ժամանակահատվածի վրա։ Եթե քաղաքացին հրաժարվի հավելվածի ներբեռնումից, ապա կնախատեսվեն մեկուսացման այլ միջոցներ՝ ուրիշ վայրում կամ բնակարանում, իսկ եթե նա սմարթֆոն չունի, ապա չի բացառվում, որ պետությունը տրամադրի այն։