Հայաստանի խորհրդարանը մարտի 31-ին երկրորդ վերջնական ընթերցմամբ փորձում է ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ այս անգամ խորհրդարանական ընդդիմությունը բացակայում է։

Նշենք, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսում են, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները հասանելիություն կստանան հասարակական էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքմանը։ Այսպես, կառավարությունը հնարավորություն կունենա հետեւել այն քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժին, ինտերնետ-միացումներին, կոնտակտներին, նրանց հետ կապված հեռախոսահամարներին, համարի վերահասցեավորմանը, ինչպես նաեւ զանգերին, դրանց տեւողությանը, սակայն արդարադատության նախարարության հավաստիացումներով՝ ոչ խոսակցության բովանդակությանը։ Քաղաքացիների անձնական տվյալների փոփոխությունները եւ հավաքելու հնարավորությունը կտարածվեն միայն համավարակի հետ կապված արտակարգ ռեժիմի ժամանակահատվածի վրա։ Եթե քաղաքացին հրաժարվի հավելվածի ներբեռնումից, ապա կնախատեսվեն մեկուսացման այլ միջոցներ՝ ուրիշ վայրում կամ բնակարանում, իսկ եթե նա սմարթֆոն չունի, ապա չի բացառվում, որ պետությունը տրամադրի այն։