Փոխանակ կառավարության կողմից առաջարկված աղմկահարույց օրենսդրական նախագիծը քննարկելու, որն, ի դեպ, այսօր բազմիցս քննարկել են խորհրդարանի շրջանակներում, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հերթական անգամ քննադատությունների տարափ են տեղացել «Լուսավոր Հայաստան»-ից եւ «Բարգավաճ Հայաստան»-ից իր գործընկերների վրա։ Պատգամավորները, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմության իրենց գործընկերներին քննադատել են «այսքան կարեւոր» օրենսդրական նախաձեռնության քննարկումից նրանց բացակայության համար։

Ընդ որում, «Իմ քայլը»-ի պատգամավորները ամեն կերպ փորձել են հավաստիացնել հայրենակիցներին, որ նախագծերի այս փաթեթով բոլորովին էլ չի նախատեսվում քաղաքացիների գաղտնալսում իրականացնել։

Նշենք, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսում են, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները հասանելիություն կստանան հասարակական էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքագրմանը։

Այսպես, կառավարությունը հնարավորություն կունենա հետեւել քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժին, ինտերնետ-միացումներին, կոնտակտներին, նրանց հետ կապված հեռախոսահամարներին, համարի վերահասցեավորմանը, ինչպես նաեւ զանգերին, դրանց տեւողությանը, սակայն արդարադատության նախարարության հավաստիացումներով՝ ոչ խոսակցության բովանդակությանը։ Քաղաքացիների անձնական տվյալների փոփոխությունները եւ հավաքելու հնարավորությունը կտարածվեն միայն համավարակի հետ կապված արտակարգ ռեժիմի ժամանակահատվածի վրա։ Արտակարգ դրության ռեժիմի ընթացքում հավաքագրված տվյալները, այդ թվում՝ անձնական, պետք է ոչնչացվեն ռեժիմի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։ Այդ կերպ ստացված տվյալների օգտագործումն այլ նպատակներով պատժվում է ՔՕ 144, 145, 146 հոդվածներով (անձնական տվյալների անօրինական հավաքագրում, անձնական տվյալների հրապարակում, բժշկական գաղտնիքի տարածում, անձնական նամակագրության հրապարակում)։

Եթե քաղաքացին հրաժարվի հավելվածի ներբեռնումից, ապա կնախատեսվեն մեկուսացման այլ միջոցներ՝ ուրիշ վայրում կամ բնակարանում, իսկ եթե նա սմարթֆոն չունի, ապա չի բացառվում, որ պետությունը տրամադրի այն։