Արցախի Հանրապետությունում ընթացող ընտրություններն անցել են շատ լավ հսկողությամբ եւ անցել են բավականին լավ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի շտաբից։

«Հատուկ խախտումներ չեն արձանագրվել, ինչը դուք տեսել եք համացանցով, դա է եղել։ Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացն անցավ թեթեւ։ Համենայն դեպս, մենք այդքանն ենք տեսել»,- ասացին շտաբից։

NEWS.am-ի հետ զրույցում ԱՀ նախագահի թեկնածուներից Աշոտ Ղուլյանի շտաբից հայտնեցին, որ իրենց շտաբի ներկայացուցիչները նույնպես արձանագրել են ընտրախախտումներ.

«Ընտրությունների ընթացքում մեր շտաբի ներկայացուցիչները գրանցել են մի քանի ընտրախախտումներ. քվեաթերթիկի լուսանկարում՝ օրինակ»։

Նշենք, որ արդեն 2 ժամից ավելի է, ինչ ավարտվել են ԱՀ-ում ԱԺ եւ նախագահի ընտրությունները։ Ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 76 471  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը:

Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն Արցախում ընտրողների թիվը 103 հազար 663 է:

Արցախի նախագահի հավակնորդների թիվը 14 է: Նրանք են՝

«Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,

«Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,

Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,

Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,

«Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,

«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան,

Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:

Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2  կուսակցությունների դաշինքներ եւ 10  կուսակցություններ: