Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը եւ Ներկայացուցիչների պալատի անդամ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը երկրի իշխանություններին կոչ են արել Իրանի դեմ պատժամիջոցները հանել, հայտնում է Independent-ը: 

Ամերիկացի 30 քաղաքական գործիչների ստորագրած բաց նամակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկվում է Իրանին հումանիտար աջակցություն ցույց տալ, իրավիճակը վատթարացնելու փոխարեն:

«Իրանցի ժողովրդի կարիքի ժամին պատժամիջոցների սահմանումը շարունակելու փոխարեն, համառորեն կոչ ենք անում ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտի այս արտակարգ իրավիճակի շրջանում կասեցնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ որպես իրանցի ժողովրդի հանդեպ հումանիտար ժեստ՝ նրանց վիրուսի դեմ ավելի լավ պայքարել թույլ տալու համար»,- նշված է նամակում:

«Մենք ԱՄՆ-ին խրախուսում ենք ուղղակիորեն օգնություն փոխանցել իրանցի ժողովրդին՝ նրան աջակցելով կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչպես արել են շատ այլ երկրներ: Այս քայլերի իմաստով արդեն նախադեպ եղել է, երբ Ջորջ Բուշի վարչակազմը մեղմեց պատժամիջոցները եւ Իրանին օգնություն փոխանցեց 2003 թվականին Բամայի մոտ մահաբեր երկրաշարժից հետո»,- նշված է ամերիկացի քաղաքական գործիչների կոչում:

Նամակը հրապարակվել է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանումից գրեթե մեկ շաբաթ հետո, որոնց ցանկի մեջ են մտել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված անձինք եւ ընկերություններ: