Թաիլանդի իշխանություններն առողջ մարդկանց կոչ են արել կորոնավիրուսի թեստ չհանձնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նման կոչով հանդես է եկել Թաիլանդի՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հարցով կենտրոնի մամուլի քարտուղար Թհավիսին Վիսանույոթհինը:

«Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կորոնավիրուսի թեստ են հանձնում միայն նրա համար, որպեսզի իմանան, թե արդյոք նրանց մոտ վիրուսը կա, թե ոչ, խնդրում եմ, զերծ մնացեք թեստ հանձնելուց: Երկրի առողջապահական համակարգի ռեսուրսներն անվերջ չեն»,- ասել է նա:

Նա նաեւ հայտնել է, որ այժմ Բանգկոկում օրական 10 հազար թեստ է անցկացվում: Մյուս նահանգներն եւս նման ցուցանիշի են հասել:

Վիսանույոթհինը նշել է, որ առաջին հերթին պետք է թեստ հանձնեն մարդիկ, որոնք շփվել են հիվանդների հետ կամ վերջերս են վերադարձել վարակման բարձր վտանգավորությամբ երկրներից, և սեփական ցանկությամբ թեստ հանձնելը ճիշտ չէ: