ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է օգնել լուծել նավթի գների շուրջ արագ թափ հավաքող «պատերազմը» Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ, որն ավելի վաղ նավթի գների կրիտիկական անկման էր հանգեցրել, հայտնում է AFP-ն:

Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Իբն Սալմանի հետ` նավթի գների անկումը դադարեցնելու նպատակով: «Երկու երկները քննարկում են դա: Եվ ես կմիանամ համապատասխան ժամանակ, եթե դրանում անհրաժեշտություն լինի»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջոցները: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ` խոսակցությունը նախաձեռնել էր ամերիկյան կողմը:

«Պետությունների ղեկավարները լուրջ անհանգստություն են հայտել աշխարհում կորոնավիրուսի տարածման մասշտաբների կապակցությամբ եւ միմյանց տեղեկացրել են  այս սպառնալիքին դիմագրավելու նպատակով Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում ձեռնարկված միջոցառումների մասին: Քննարկվել են նաեւ այս ուղղությամբ երկու երկրների միջեւ սերտ փոխգործակցության հնարավորությունները:

Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաեւ նավթի համաշխարհային շուկայի ներկայիս վիճակի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուս-ամերիկյան խորհրդակցություններ անցկացնել այս թեմայով էներգետիկանյի նախարարությունների մակարդակում:

Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջնորդների հեռախոսազրույցից հետո նավթի գները սկսել են կայունանալ:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան որեւէ պատերազմ չեն մղում նավթի գների պատճառով: