Օպերատիվ շտաբը հաղորդել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճի դանդաղեցման մասին, գրում է Forbes-ը:

Անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել Ռուսաստանի 35 մարզի 440 բնակչի մոտ, հայտնել է հիվանդության հետ կապված իրավիճակի վերահսկման օպերատիվ շտաբը: Սա ամենօրյա աճի նվազում է` նախորդ օրվա համեմատ. մարտի 31-ին դեպքերի թիվն ավելացել էր 500 մարդով:

Ապրիլի 1-ի տվյալներով` Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը 2777 է: Զոհերի թիվն աճել է մինչեւ 24 մարդ, մեկ օրվա ընթացքում մահացել է եւս յոթ մարդ: Ինչպես նշել են շտաբում, 24 ժամվա ընթացքում լիովին ապաքինվել է 69 մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվն այս ամբողջ ժամանակահատվածում աճել է մինչեւ 190:

Վարակման նոր դեպքերի մեծ մասը Մոսկվայում է, այնտեղ ախտորոշումը հաստատվել է 267 մարդու մոտ: Այդպես, Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 1880-ի: Ավելի վաղ մայրաքաղաքի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում քաղաքում եւս 45 մարդ է առողջացել: «Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ Մոսկվայում առողջացել է արդեն 115 մարդ: Հուսով ենք, որ այս դրական միտումը կամրապնդվի»,- ասել է փոխքաղաքապետը: