Եթե երկրի ղեկավարն իր քաղաքական թիմով զբաղված չլիներ քարոզարշավով, ապա Հաայստանում  չէինք ունենա նշանադրություններ եւ գործող գործարաններ, ինչն էլ չէր հանգեցնի այսպիսի խստացման։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով զանգերի եւ տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագծի ընդունմանը։

«Երբ նախագիծը ի սկզբանե մտավ ԱԺ, «Իմ քայլի» պատգամավորներն անգամ հստակ մտահոգություններ արտահայտեցին նախագծի շուրջ, առաջարկեցին նախագիծը ենթարկել փոփոխությունների, սակայն դա չարվեց Կառավարության կողմից։ Սա նշանակում է, որ մեր օրենսդիր եւ գործադիր իշխանությունների տարանջատումն այլեւս ձեւական բնույթ է կրում, քանի որ օրենսդիրը գործադիրին հստակ վավերապայմաններ էր առաջադրել։ Սա նշանակում է, որ մեր պետությունում չկան իշխանության տարբեր ճյուղեր, եւ պետությունը կառավարվում է մեկ կենտրոնից»,- ասաց փաստաբանը։

Ալեքսանդր Կոչուբաեւը նշեց, որքան էլ որ Կառավարությունը հայտարարում է, թե նպատակներն ազնիվ են, նախագիծը մարդկանց առողջության մասին է, այնուամենայնիվ կան հստակ մտահոգություններ. «Մասնավորապես, այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում էր այս համաճարակի դեմ, ՀՀ-ում քարոզարշավ էր։ Եթե երկրի ղեկավարն իր քաղաքական թիմով զբաղված չլիներ քարոզարշավով, ապա մենք չէինք ունենա նշանադրություններ, գործող գործարաններ, որն էլ չէր հանգեցնի այսպիսի խստացման։ Այս իրավիճակում պետք է Կառավարության շուրջ կոնսոլիդացվել, սակայն Կառավարությունն է պիտի գիտակցի, որ պիտի իրականացնի այնպիսի գործողություններ, որոնք միտված են վարակի տարածման կանխմանը, ոչ թե քաղաքացիների վերահսկմանը։ Երկրորդ ընթերցման բերելուց առաջ որոշակի փոփոխություններ կատարվեցին նախագծում, որոնք կարծես՝ տոտալ վերահսկողությունը թուլացրին։ Այս զանգերի տեղորոշումը սահմանափակված է լինելու արտակարգ դրությունով, սակայն անհայտ է՝ ինչքան կտեւի արտակարգ դրությունը»։

Փաստաբանը շեշտեց, որ այս շրջանում նախագծի ընդունումը վատ վերահսկողության արդյունք է. «Այսօր ՔԿՀ-ներում գրեթե բոլոր դատապարտյալները, կալանավորները ունեն հեռախոսներ, մենք նրանց հետ գտնվում ենք կապի մեջ։ Միայն այն, որ իմ եւ իմ վստահորդի միջեւ հեռախոսազանգի փաստը եւս ծածկված է փաստաբանական գաղտնիքով»։

Կոչուբաեւի խոսքով՝ այդ նախագիծն «ուշացած» գործիք է. «Արտակարգ դրություն պետք է հայտարարվեր եւ տեղորոշման գործիքը կիրառվեր այն փուլում, երբ երկրի ղեկավարությունը զբաղված էր քարոզչությամբ»։