Կորոնավիրուսը թափանցում է կենդանի օրգանիզմ, եւ դա նրա համար գոյատեւման լավագույն պայմանն է: Մինչ այժմ գիտնականները որեւէ ապացույց չեն ներկայացրել, որ կորոնավիրուսը կարող է գոյատեւել օրգանիզմում մարդու մահից հետո: Այս մասին ապրիլի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Նունե Ներսիսյանը:

Համաճարակաբան Արշակ Պապոյանն իր հերթին ասաց, որ դիահերձումը թույլ է տալիս նոր բաներ իմանալ վիրուսի մասին, ուսումնասիրել այն եւ հասկանալ, թե ինչպես է պետք պայքարել:

«Ես ծանոթացա մի շարք պաթոլոգոանատոմների կարծիքների եւ մեկնաբանությունների հետ, որոնք կարծում են, որ նրանք ի վիճակի են դիահերձում կատարել, քանի որ դա ճիշտ են համարում: Դա թույլ կտա շատ բան իմանալ հիվանդության մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ հետագայում դա կարող է շատ կյանքեր փրկել:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն ընդունեց «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում փոփոխությունները: Կողմ քվեարկեց 69 պատգամավոր «Իմ քայլից»: Ընդդիմությունը նիստին ներկա չէր: Օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է կորոնավիրուսից մահացածների դիահերձման արգելք: