ՀՀ կառավարության կողմից մշակված միջոցառումները որոշակի «անվտանգության բարձիկ» են բիզնեսի համար, որն ինքը պետք է որոշի` արդյոք պատրաստ է իր վրա պարտավորություններ վերցնել: Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Նա հիշեցրել է երրորդ միջոցառման պայմանները, ըստ որի` փոքր եւ միջին ձեռնարկությունները, որոնք գործում են ավելի քան 1 տարի եւ որոնց շրջանառությունը 2019 թվականին 24-500 միլիոն դրամ է կազմել, միեւնույն ժամանակ գերազանցել է ընդհանուր շրջանառության 10 տոկոսը յուրաքանչյուր եռամսյակի համար, կարող են հայտ ներկայացնել վարկ ստանալու համար:

«Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին 2 տարին` առանց տոկոսների: 25-ից 36 ամիս ժամկետի համար կկիրառվի 12 տոկոսանոց տոկոսադրույքը, իսկ վարկառուները հնարավորություն կունենան չմարել վարկն առաջին 6 ամսվա ընթացքում: 7-ից 12 ամսվա ընթացքում վարկը մարվում է նույն գումարի չափով, սակայն` ոչ ավել, քան ամսական 70 հազար դրամ: Եթե ​​վարկառուն վարկն ավելի շուտ է մարում, ապա ստիպված չի լինի վճարել ամբողջ ժամկետից երրորդ տարվա տոկոսները: Սա ուղղված է ոչ մեծ կազմակերպություններին, այդ թվում` զբոսաշրջության ոլորտին, սննդի օբյեկտներին, վերամշակող արդյունաբերությանը եւ առողջապահական ոլորտում գործող ընկերություններին: Ձեռնարկությունները կարող են պետական աջակցություն ստանալ, եթե դրանք ունենան լավ վարկային եւ հարկային պատմություն ունեն եւ համապատասխանում են մի շարք պահանջների: Այս միջոցները կարող են օգտագործվել մինչեւ 3 ամիս աշխատավարձեր, հարկեր եւ տուրքեր վճարելու, հումք ձեռք բերելու եւ ներմուծելու համար` պայմանով, որ դրանք կօգտագործվեն Հայաստանում, ինչպես նաեւ` կոմունալ ծառայությունների եւ վարձավճարների վճարման համար»,- նշել է փոխնախարարը` մեկ անգամ եւս ներկայացնելով կառավարության կողմից բիզնեսին վաղուց արդեն արված առաջարկների «հմայքները»:

Նա նաեւ ուշադրություն է հրավիրել երրորդ փաթեթի առանձնահատկության վրա. հայտերն ընդունվում են Էկոնոմիկայի նախարարության կողմից, իսկ բանկն այս դեպքում հանդես է գալիս որպես միջնորդ եւ ոչ ավելին: