Փորձել են ամբողջ քարոզչության ժամանակահատվածում, դրանից առաջ թիրախավորել «Ազատ հայրենիք» կուսակցությանն ու կուսակցության նախագահին, հետո արդեն դաշինքին, իսկ դաշինքն էլ 6 քաղաքական ուժերից է բաղկացած։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

«Ունեցել ենք քաղաքական ակտիվ ժամանակահատված։ Այդ ակտիվ ժամանակահատվածում նաեւ տարբեր գնահատականներ, մանավանդ վերջին օրը, անհիմն մեղադրանքներ հնչեցնելով…»,- ասաց Հարությունյանը։

Նա անդրադարձավ Շուշիի ընտրատեղամասում երեկ կատարված մի դեպքի, երբ քաղաքացին իր քվեաթերթիկը լուսանկարել էր, որը դիտորդները որպես խախտում էին արձանագրել, վերցրել հեռախոսը տեսանկարահանել, որտեղ երեւում էր, թե որ կուսակցությանն է ընտրել քաղաքացին. «Կնոջ նկատմամբ, թող ինքն ինձ ների՝ ես իրեն վաղուց եմ ճանաչում, մարդը գտնվելով առողջական ծանր վիճակում, միայն ափսոսում եմ, որ նրա նկատմամբ այդպիսի ոչ մարդկային վերաբերմունք են ցուցաբերել։ Այդ մարդուն ես եւ իմ թիմը կաշառելու կամ որեւէ քայլ անելու անհրաժեշտություն չենք ունեցել, քանի որ նա ինձ շատ հարազատ մարդ է։ Ես չգիտեմ՝ միամտորե՞ն թե մտածելով է կատարել։ Այդպիսի մի քանի դեպք… փորձելով մեր այս փայլուն ընտրարշավ ու ընտրությունները կասկածի դնելով ինչ-որ մի քանի մարդու նկարելու պատճառով ես չեմ համարում, որ դա արդար է»։

Հարությունյանն ասաց, որ ընտրությունների արդյունքներին իրենց կողմից որեւէ միջամտություն չի եղել. «Այսօր արդեն արդյունքները պարզ են, եւ արդյունքների վրա որեւէ միջամտություն չի եղել։ Բոլոր գյուղերում գիտեն՝ ով ինչպես է քվեարկել, այդ թվում՝ Ստփանակերտում։ Սկզբնական փուլում կասկածի տակ էին դնում, որ կորոնավիրուսի պատճառով մասնակցողների թիվը քիչ է լինելու, որն արդար չի։ Հետո հոսքը տեսան, հետո մեզ մեղադրեցին, թե ինչու ենք կազմակերպում։ Ես ասել եմ՝ եթե իշխանությունները հայտարարեին, որ անհնարին է պահպանել մեր հայրենակիցների առողջությունը, ապա մենք առաջինն ենք լինելու՝ ողջունելու հետաձգումը»։

Նշենք, որ քիչ առաջ Արցախի ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակեց Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, հետեւաբար պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ՝ ապրիլի 14-ին:

Ըստ այդմ, առաջատար եռյակի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.26 տոկոս)

2․ Մասիս Մայիլյան – 19360 քվե (26.4)

3․ Վիտալի Բալասանյան – 10755 քվե  (14.7 տոկոս)