Վրաստանի կառավարությունը որոշել է ֆինանսավորել քաղաքացիների մարտի, ապրիլի եւ մայիսի կոմունալ ծառայությունները: Այս մասին այսօր Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

«Յուրաքանչյուր քաղաքացու համար, որը մեկ ամսում օգտագործում է 200 կիլովատտից քիչ էլեկտրաէներգիա եւ 200 խորանարդ մետրից քիչ գազ, կառավարությունը ամբողջությամբ կֆինանսավորի 3 ամսվա՝ մարտի, ապրիլի եւ մայիսի ծախսերը: Սրա մեջ են մտնում նաեւ ջրի եւ աղբահանության վճարները»,- ասել է Վրաստանի վարչապետը:

«Այս որոշումն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացու: Մենք հասկանում ենք, որ դա բավարար չի լինի: Մենք նաեւ հասկանում ենք, որ անհրաժեշտ է կատարել յուրաքանչյուր քաղաքացու նույնականացում, որը կորցրել է աշխատանքը, եւ դրանից հետո կունենանք հատուկ միջոցառումներ նրանց ուղղակի աջակցության համար»,- նշել է Գախարիան:

Վրաստանի վարչապետը նշել է, որ «կարեւոր է յուրաքանչյուր լարիի ռացիոնալ օգտագործումը, որը հաջողվել է հավաքագրել բյուջեում»: Նա հիշեցրել է, որ կառավարությունը 2 մլրդ լարի է հատկացնում տնտեսության եւ քաղաքացիների ուղղակի օգնության համար, ինչպես նաեւ եւս 351 մլն լարի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Վրաստանի վարչապետի խոսքով՝ ճգնաժամային բյուջեում պետք է հավասարակշռված լինի վիրուսի դեմ պայքարը եւ տնտեսությանն օգնությունը: Գախարիան նաեւ զգուշացրել է, որ պետական բյուջեն ծախսերը արմատապես կնվազեցվեն:

«Արդյունքում՝ մենք բոլորս հասկանում ենք, որ մեր նպատակն է վիրուսն այնպես հաղթահարել, որ մեր տնտեսությանը հասցվի նվազագույն վնաս: Ցանկանում եմ յուրաքանչյուր գերատեսչության կոչ անել ռացիոնալ օգտագործել այն ռեսուրսները, որոնք այսօր հավաքագրված են ճգնաժամային բյուջեում: Մենք, իհարկե, դեռ կխոսենք ընթացիկ ծախսերի արմատական նվազեցման մասին, ինչը ճգնաժամային բյուջեն նույնպես նախատեսում է, եւ այստեղ խոսքը վերաբերում է հարյուրավոր միլիոնների»,- ասել է Գախարիան: