Եթե Վիտալի Բալասանյանը չի տեսնում համագործակցություն ՀՀ քաղաքական ուժերի հետ, ապա ինչպե՞ս համագործակցենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ դուք հայտարարում եք, որ պատրաստ եք համագործակցել Արցախի բոլոր ուժերի հետ, սակայն Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ չի ընդունում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, մասավորապես Արցախի հարցում։

«Մենք դեռ չենք խոսել Վիտալի Բալասանայանի հետ։ Եթե պարզվի, որ նրա կոշտ հայտարարությունները հայաստանյան իշխանությունների նկատմամբ, հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում, չեն համապատասխանում իրականությանը, մենք կարող ենք համագործակցել, եթե ոչ՝ ո՞նց համագործակցենք։ Կփորձենք այլ կերպ համագործակցել, բայց դա չի նշանակում, որ մենք դառնալու ենք հակառակորդ, համագործակցություն լինելու է արդեն այլ ձեւաչափով։ Խորհրդարանի ընդդիմությունը եւս մեծ անելիքներ ունի անելու մեր երկրում։ Ես Վիտալի Բալասանյանի հետ հանդիպելու մեծ հնարավորություններ ունեմ, այնպես չէ, որ մենք թշնամիներ ենք, կարող է հիմա դուրս գամ զանգեմ, հանդիպենք եւ որեւէ խնդիր չունենք հանդիպելու»,– ասաց Հարությունյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե հետաքրքիր է, որ մի շարք գեներալներ, որոնք Վիտալի Բալասանյանի ընկերներն էին, ձեզ աջակցեցին, Հարությունյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ նրանք Վիտալի Բալասանյանի ընկերներն են, իմ ընկերները չեն։ Օրինակ ո՞վ է աջակցել, մեկի անունը տվեք»։ Լրագրողը տվեց Արշավիր Ղարամյանի անունը, ինչին Հարությունյանը պատասխանեց. «Արշավիր Ղարամյանը ոչ մեկին էլ չի աջակցել, հաստատ ինձ չի աջակցել։ Եթե խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, նա առաջին հերթին իմ ընկերն է եղել, իմ հրամանատարն է եղել նաեւ Վիտալի Բալասանյանի ընկերն է եղել։ Դրա համար եմ ասում Ղարաբաղում մի բաժանեք մեզ։ Ես նշեցի, որ 14 թեկնածուներից 2 սանիկ ունեմ, անուններ չտանք էլի, Ղարաբաղը շատ փոքր է։ Մեկը մյուսի ընկերներն է, բարեկամն է, խնամին է, բոլորը ծանոթ եւ բարեկամ են»։