Մենք, ընդհանուր առմամբ, դրական ենք գնահատում Ղարաբաղում անցկացված ընտրությունների արդյունքները: Այս մասին ապրիլի 1-ին Ստեփանակերտում կայացած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ղարաբաղյան ընտրություններում Հայաստանի Ազգային ժողովի դիտորդների պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա հատկապես ընդգծեց ընտրողների մասնակցության բավականին բարձր ցուցանիշը` չնայած ավելի վաղ հնչեցված ենթադրություններին` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ հնարավոր հակառակ պատկերի մասին: «Իհարկե, եղել են խնդիրներ, որոնց վրա դեռ պետք է աշխատել: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այսօր առկա տվյալներն արտացոլում են այն պատկերը, որը ձեւավորել է Արցախի բնակիչն ընտրությունների անցկացման ժամանակ»,- ընդգծեց Սիմոնյանը:

Ընդ որում, նա հույս հայտնեց, որ ընտրությունների երկրորդ փուլն ավելի կազմակերպված կլինի: Սիմոնյանը նաեւ հույս հայտնեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ամբողջ աշխարհում չի ազդի ընտրությունների ընթացքի վրա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Դրանց համաձայն` թեկնածուներից ոչ մեկը չի ստացել քվեների ավելի քան 50 տոկոսը, ուստի պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ: Այն կանցկացվի ապրիլի 14-ին:

Ընտրողների ձայները երեք առաջատարների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Արայիկ Հարությունյան` 36076 ձայն (49.26 տոկոս),

2. Մասիս Մայիլյան` 19360 ձայն (26.4 տոկոս),

3. Վիտալի Բալասանյան` 10755 ձայն (14.7 տոկոս):