ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին նախարարների հետ ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի: Սա կլինի առաջին հանդիպումը հեռավար ձեւաչափով, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն:

Պեսկովը նշել է, որ խորհրդակցությունը կանցկացվի բաց ձեւաչափով: «Բոլորը կտեսնեն, որ նա աշխատում է հեռակա կարգով: Բոլորը տեսել են, որ նա հեռակա կարգով մասնակցում է G20 գագաթնաժողովին»,- ասել է ՌԴ ղեկավարի ներկայացուցիչը: Սակայն Պեսկովը չի համաձայնել այն մտքի հետ, որ նախագահը պետք է ցույց տա, որ չի լքում տունը եւ, ինչպես բոլոր քաղաքացիները, ինքնամեկուսացման մեջ է: «Նախագահը սովորաբար ցուցադրական միջոցների չի դիմում. նա արդյունավետ միջոցներ է ձեռնարկում»,- շեշտել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

Պեսկովը պատասխանել է հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու այն բանից հետո, երբ պարզվել է, որ Կոմունարկայում գտնվող հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ով հանդիպել էր նախագահի, քաղաքապետ Սերգեյ Սոբյանինինի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում նաեւ` Պուտինի խոսնակի, վարակվել է կորոնավիրուսով: «Բանն այն է, որ բոլոր նրանք, ովքեր եղել են նախագահի հետ Կոմունարկայում, ամեն օր կորոնավիրուսի թեստ են անցնում, ինչպես եւ` ձեր  խոնարհ ծառայն»,- ասել է Պեսկովը: