«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը բարցարձակապես գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ. այն, ինչ կարգավորվում է այս նախագծով նույնիսկ տեխնիկապես հնարավորություն չի տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով, այս կարգավորումները, որոնք նախատեսում են մասնավոր ընտանեկան կյանքին եւ մի շարք այլ իրավունքներին համաչափ միջամտություն, բացառապես արտակարգ դրության ժամանակ են կիրառվելու. «Ավելին, սա վերաբերում է միայն այնպիսի արտակարգ դրությանը, որը հայտարարվել է համաճարակի հիմքով: Բոլոր տվյալները, որոնք կլինի անձնավորված, թե ապաանձնավորված, ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո»: Նախարարը հավելեց, որ ասյ օրենքով խոսքը միայն տեղակայման վայրը որոշելու եւ զանգելու փաստը ֆիքսելու մասին է:

Բադասյանը հիշեցրեց առողջապահության նախարարի խոսքը, որ ըստ վիճակագրության ամեն 7 օրը մեկ վարակվածների թիվը պետք է կրկնապատկվի, ապա հավելեց. «Եթե միայն այդ վիճակագրական տվյալը վերցնենք եւ տեսնենք, թե մենք ինչ ենք արել, մենք ասում ենք, որ համակարգը միանգամից համադրում է զանգելու փաստը եւ միեւնույն վայրում գտնվելու փաստը, եւ եթե այդ երկու անձինք պարբերաբար հայտնվել են նույն վայրում, դա նշանակում է ռիսկի գործոն: Մինչ այս օրինագիծը առկա կարգավորումներով, եթե օրինակ վարակակիրը շփվել է 10 անձանց հետ եւ նոր է թեստավորվում, իսկ մինչ այդ արդեն ենթադրենք վարակել է 5 մարդու, այդ 5 անձինք իրենց վարակված լինելու մասին կիմանան, երբ թեստի արդյունքները լինեն, հետո այդ անձը տեղյակ պահի, թե ում հետ է շփվել եւ այլն:

Այս նախագծով փոխվում է այն, որ անմիջապես ավտոմատացված կերպով կբերվեն տեղեկությունները եւ այդ 5 անձինք ավելի վաղ կտեղեկացվեն, որ հնարավոր է՝ իրենք վարակվել են եւ կկիրառվի մեկուսացման կամ ինքնամեկուսացման սահմանափակումները: Այսինքն իրենք իրենց հարազատների հետ չեն շարունակի շփումները եւ այդ շղթան հնարավոր կլինի կոտրել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ սրանով կարելի կլինի կանխարգելել 7 օրը մեկ վարակվածների թիվը կրկնապատկելու զարգացումը:

Բադասյանի խոսքով, այս փոփոխություններն այն վերջին միջոցն էին, որ գործող սահմանափակումների համադրմամբ, կբերի ցանկալի արդյունքի:

«Եթե լինի մեկ զանգի եւ տեղակայման վայրի համընկնում, արդեն ԱԻՆ-ի աշխատակիցների կողմից կկատարվի զանգ»,-ընդգծեց նա: