Եվրահանձնաժողովը գերմանական Kurzarbeit ծրագրի մոդելով կարճ աշխատաժամանակի ռեժիմ է առաջարկել, որպեսզի օգնի Եվրամիության բնակչությանը համավարակի հետեւանքով խուսափել գործազրկությունից եւ տնտեսական հատվածին հասցվելիք հարվածից, հայտնում է Reuters-ը։

Գերմանական սխեմայի համաձայն, կառավարությունը վճարում է ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի մի մասը, իսկ ձեռնարկությունների ղեկավարությունը, իր հերթին, անցնում է կարճ աշխատաժամանակի, որպեսզի խուսափի հաստիքների կրճատումից։

Իր տեսաուղերձում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չի պարզաբանել իր առաջարկած սխեմայի մանրամասները՝ նշելով միայն, որ այն կերաշխավորվի ԵՄ բոլոր անդամ-երկրների կողմից եւ կդառնա միության տնտեսության հետ կապված բանալին։

«Ընկերությունները վճարում են աշխատավարձերն իրենց աշխատակիցներին, նույնիսկ եթե հենց հիմա իրենք եկամուտ չեն ստանում։ Այժմ Եվրոպան շտապում է նրանց օգնության նոր նախաձեռնությամբ»,- նշել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ նոր սխեման նախատեսված է այն երկրների օգնության համար, որոնք առավել շատ են տուժել համավարակից։ Մասնավորապես, խոսքը Իտալիայի եւ Իսպանիայի մասին է։