Ղարաբաղում ընտրությունների ժամանակ մասնակցության շատ բարձր ցուցանիշ  է գրանցվել: Այս մասին ապրիլի 1-ին Ստեփանակերտում կայացած համատեղ ասուլիսին հայտարարեց Լեռնային Ղարաբաղում ընտրություններին Հայաստանի Ազգային ժողովի դիտորդական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Ըստ նրա` դա վկայում է այն մասին, որ ղարաբաղցիները բարձր են գնահատում իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները: «Նրանք բարձր են գնահատում եւ պատասխանատվություն են զգում իրենց քաղաքական իշխանության ձեւավորման համար, ինչը անկախության շատ կարեւոր ցուցանիշ է եւ, առհասարակ, չափազանց կարևոր է»,- նշեց Սամսոնյանը` հավելելով, որ ինքը հպարտություն է զգում ղարաբաղցիների համար:

Անդրադառնալով բուն ընտրություններին` խորհրդարանականը նշեց, որ ընտրատեղամասերում իրենք հիմնականում բախվել են ընթացակարգային խախտումների, որոնք մի քանի պատճառ ունեին: Ապա պատգամավորը թվարկեց բոլոր պատճառները: Ըստ նրա` ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովների անդամների հետ: «Նրանց լուրջ վերապատրաստման անհրաժեշտություն կա: Երկրորդը` կային լուրջ իրավական բացեր»,- եզրափակեց պատվիրակության անդամը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Դրանց համաձայն` թեկնածուներից ոչ մեկը չի ստացել քվեների ավելի քան 50 տոկոսը, ուստի պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ: Այն կանցկացվի ապրիլի 14-ին:

Ընտրողների ձայները երեք առաջատարների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Արայիկ Հարությունյան` 36076 ձայն (49.26 տոկոս),

2. Մասիս Մայիլյան` 19360 ձայն (26.4 տոկոս),

3. Վիտալի Բալասանյան` 10755 ձայն (14.7 տոկոս):